ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆԸ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1 Ով յոյսը դրել է Տիրոջ վրայ,

յաւիտեան չի սասանուի ինչպէս լեռը Սիոնի,

որ գտնւում է Երուսաղէմում:

2 Ինչպէս որ նա շրջապատուած է լեռներով,

այնպէս Տէրն իր ժողովրդի շուրջն է՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան:

3 Տէրը չի թողնի, որ մեղաւորների գաւազանն որոշի արդարների վիճակը,

եւ արդարներն իրենց ձեռքերը պիտի չերկարեն անօրէնութեան:

4 Տէրը բարիք է գործում բարիներին

եւ նրանց, որ ուղիղ են սրտով:

5 Իսկ յափշտակութեամբ համակուածներին Տէրը կը կործանի նրանց հետ,

ովքեր անօրէնութիւն են գործում: Խաղաղութիւն Իսրայէլին: