ՔՈ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ Է

Օրհնութիւն Դաւթի

1 ալեփ. Պիտի փառաբանեմ քեզ, Աստուած իմ եւ Թագաւոր իմ,

ու յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից քո անունն օրհնեմ:

2 բեթ. Գիշեր-ցերեկ քեզ օրհնութիւն պիտի մատուցեմ,

ու յաւիտեանս յաւիտենից պիտի գովաբանեմ անունը քո:

3 գամէլ. Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ,

եւ նրա մեծութիւնը սահման չունի:

4 դալեթ. Սերնդից սերունդ պիտի գովեն գործերը քո, եւ պիտի պատմեն զօրութիւնները քո:

5 հէ. Քո սուրբ փառքի մեծ վայելչութեան մասին պիտի խօսեն, եւ քո հրաշագործութիւնները պիտի պատմեն:

6 վաւ. Քո ահաւոր զօրութիւնը պիտի նկարագրեն, եւ քո մեծութիւնը պատմեն:

7 զէ. Քո մեծ բարութեան յիշատակը պիտի աւետեն, եւ պիտի ցնծան քո արդարութեամբ:

8 խէթ. Գթասիրտ եւ ողորմած է Տէրը,

համբերատար եւ ողորմաշատ:

9 թէթ. Տէրը քաղցր է բոլորի հանդէպ, եւ նրա գթութիւնը տարածւում է նրա բոլոր արարածների վրայ:

10 եօդ. Քո բոլոր գործերը, Տէ՛ր, քեզ գոհութիւն պիտի մատուցեն,

եւ քո սրբերը պիտի օրհնեն քեզ:

11 քափ. Քո արքայական փառքի մասին պիտի խօսեն, եւ քո զօրութիւնները պիտի պատմեն,

12 լամէք. որ մարդկանց որդիները ճանաչեն զօրութիւնները քո, եւ մեծ վայելչութիւնը արքայական քո փառքի:

13 մէմ. Քո արքայութիւնը ողջ յաւիտենութեան արքայութիւնն է, եւ քո տէրութիւնը՝ սերնդից սերունդ:

նուն. Հաւատարիմ է Տէրն իր բոլոր խօսքերում, եւ արդար է նա իր բոլոր գործերում:

14 սամքաթ. Տէրն ամուր է պահում բոլոր սայթաքողներին, եւ ոտքի կանգնեցնում բոլոր գլորուածներին:

15 էյ. Բոլորի աչքերը քեզ վրայ են յառած յուսով,

եւ դու ես տալիս նրանց կերակուրը ժամանակին.

տալիս ես դու նրանց, եւ սնւում են նրանք:

16 փէ. Բացում ես ձեռքը քո, եւ քո քաղցր կամքով յագեցնում ես բոլորին:

17 ծադէ. Արդար է Տէրն իր բոլոր ճանապարհներին, եւ սուրբ է նա իր բոլոր գործերում:

18 կոփ. Տէրը մօտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն,

բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն ճշմարտապէս:

19 րէշ. Իրենից ակնածողների կամքը կատարում է Տէրը,

լսում է նրանց աղօթքն ու փրկում նրանց:

20 շին. Տէրը պահպանում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն,

եւ Տէրը կործանում է բոլոր մեղաւորներին:

21 թաւ. Բերանս Տիրոջ օրհնութիւնը պիտի խօսի.

ամէն կենդանի էակ պիտի օրհնի սուրբ անունը նրա

յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից: