ԱՐԴԱՐԻ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐՆ ՈՒ ՅՈՅՍԸ
1 Այսուհետեւ՝ առաւօտեան օգնութեան մասին. սաղմոս Դաւթի
2 Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ, նայի՛ր ինձ, ինչո՞ւ լքեցիր ինձ,
յանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկութիւնից:
3 Աստուա՛ծ իմ, քեզ կանչեցի ցերեկով, բայց չլսեցիր ինձ,
կանչեցի գիշերով՝ բայց չանսացիր ինձ:
4 Դու ապրում ես սրբերի մէջ
եւ գովերգւում Իսրայէլում:
5 Քեզ վրայ յոյս դրին հայրերը մեր,
յոյս դրին քեզ վրայ, եւ դու փրկեցիր նրանց:
6 Առ քեզ աղաղակեցին ու ապրեցին,
քեզ վրայ յոյս դրին եւ ամօթով չմնացին:
7 Բայց ես որդ եմ եւ ոչ թէ մարդ,
մարդկանց համար նախատինք եմ եւ անարգանք՝ ժողովուրդներին:
8 Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ,
խօսում շրթունքներով եւ շարժում գլուխներն իրենց՝ ասելով.
9 «Յոյսը դրել է Տիրոջ վրայ,
դէ թող փրկի ու ազատի նրան,
եթէ սիրում է նրան»:
10 Դո՛ւ հանեցիր ինձ արգանդից,
իմ յոյսը դարձար մօրս կաթով սնուելու օրից:
11 Քե՛զ յանձնուեցի ես արգանդից,
մօրս որովայնից սկսած՝ դու ես Աստուածն իմ:
12 Մի՛ հեռացիր ինձնից, քանզի մօտ են վտանգները,
եւ չկայ մէկը, որ օգնի ինձ:
13 Բազում եզներ շրջապատեցին ինձ,
եւ պարարտ ցուլերը պաշարեցին ինձ:
14 Մռնչացող ու յափշտակող առիւծների պէս
ինձ վրայ բացին բերաններն իրենց:
15 Հոսեցի ես ինչպէս ջուր,
խախտուեցին իմ բոլոր ոսկորները,
եւ սիրտս հալած մոմ դարձաւ որովայնիս մէջ:
16 Զօրութիւնն իմ չորացաւ խեցու նման,
լեզուս կպաւ քիմքիս,
եւ ինձ իջեցրին մահուան հողի մէջ:
17 Չորս կողմս բազում շներ հաւաքուեցին,
եւ չարագործների ամբոխն ինձ պաշարեց:
18 Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ,
հաշուեցին բոլոր ոսկորներս,
նրանք նայեցին ու տեսան ինձ:
19 Հագուստներս բաժանեցին իրար մէջ,
եւ պատմուճանիս վրայ վիճակ գցեցին:
20 Դու, Տէ՛ր, օգնութիւնդ ինձնից հեռու մի՛ պահիր,
այլ օգնի՛ր ինձ, Տէ՛ր:
21 Փրկի՛ր ինձ սրից, փրկի՛ր միամօրիկիս շների ձեռքից:
22 Ազատի՛ր ինձ առիւծի բերանից,
եւ խեղճ անձն իմ՝ միեղջերուի եղջիւրից:
ԳՈՀԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ
23 Անունդ պիտի հռչակեմ իմ եղբայրներին,
ժողովատեղում պիտի օրհնեմ քեզ:
24 Աստուածավախնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,
եւ թող Յակոբի բոլոր զաւակները փառաբանեն նրան:
25 Իսրայէլի ողջ սերունդը երկիւղ պիտի կրի Տիրոջից,
քանզի Տէրը չարհամարհեց ու չանարգեց աղօթքն աղքատիս եւ երեսն ինձնից չշրջեց,
այլ երբ ձայն տուի նրան՝ լսեց ինձ:
26 Քո մասին է գովքն իմ,
մեծ հաւաքներում պիտի օրհնեմ քեզ:
Ուխտս պիտի կատարեմ նրա բոլոր երկիւղածների առջեւ:
27 Տնանկները պիտի ուտեն ու յագենան,
Տիրոջը փնտռողները պիտի օրհնեն նրան:
Նրանց սրտերը կ՚ապրեն յաւիտեանս յաւիտենից:
28 Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կը վերյիշեն ու կը դառնան Տիրոջը:
Բոլոր ազգատոհմերը կ՚երկրպագեն նրան,
29 քանզի Տիրոջն է արքայութիւնը,
եւ նա է տիրում բոլոր հեթանոսների վրայ:
30 Լիացան եւ երկրպագեցին նրան երկրի բոլոր մեծամեծները,
եւ ամէն ոք, որ գերեզման է իջնում, նրա առջեւ պիտի ընկնի:
31 Նրանով է ապրում անձն իմ,
եւ իմ սերունդը պիտի ծառայի նրան:
32 Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին,
Տիրոջ գործած արդարութիւնը պիտի աւանդուի
այն ժողովրդին, որ ծնուելու է: